Աղվեսը

Աղվեսն եկավ բարձըր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,
Աչք է ձըգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներըդ կարճ ու խիստ վազան,
Շըներն ամեն քեզ չըհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
  2. Նշված բառերը դարձրու հոգնակի:

մարդ-

աղվես-

մատ-

մկրատ-

ծաղիկ-

դուռ-

Մին էլ կանչեց տատս ______ .
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ  ______ բերավ
Անտեր աղվեսն, ագին  ծաղիկ։

ժպիտ-

3.Լրացրո’ւ բաց թողնված բառերը:

Ա՛յ իմ խորոզ, ______   խորոզ,
Ման  կուգայիր ______ .
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն ______  աղվեսն, ագին ծաղիկ։

  1. Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

I


Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

ԹՌԼՈՆՆ ՈՒ ՄՈՒԿԸ

Թռլոնն իջավ խոր ծըմակից,
Մուկը ելավ գետնի տակից,
Պատահեցին ու սեր արին.
     — Ո՛հ, առանց քեզ

Չեմ ապրիլ ես,
Ասավ մուկը սիրահարին։
Թռչնի քնքուշ սիրտը մարեց.
Ու շշնջաց ընդարմացած.
— Ես հավիտյան քոնն եմ, հոգիս,

Տար, ուր կուզես, տիրիր կյանքիս…
Բայց, ա՜խ, թե ինձ դավաճանես,
Էն ժամանակ ի՞նչ անեմ ես…
— Ինչ ես ասո՜ւմ… դավաճանե՜մ…
Էն էլ ես քեզ… ա՜խ, ի՞նչ անեմ,

Էրվում եմ ես—չես հավատում…
Ո՛հ, գութ չունես դու քո սրտում —
Զուր եմ փնտռում, աստված վկա,
Էս կյանքում սեր—չըկա, չըկա…
Ա՜խ, տեր աստված, իմ սրտի մեջ

Ինչո՞ւ դրիր այս հուրն անշեջ։
Լացեց մուկիկն այս ասելով,
Ու գրկվեցին արտասվելով.
— Ով իմ մուկիկ, մեռե՞լ եմ ես,
Որ [թող անեմ] դու արտասվես…


Բայց մուկը ով, թռլոնը ով,
Որ իրար հետ ապրեն սիրով։
— Դե ե՛կ, թռլոնն ասավ յարին,

Թռչենք նստենք մոտիկ ծառին,
Անհոգ ապրենք ճյուղի վրա,
Վերից շողա կարմիր արև,
Սեր սոսափե ամեն տերև,
Ու մենք սիրենք, սիրենք անվերջ…

— Չէ՛, եկ մտնենք իմ բընի մեջ,
Մութն, առանձին գետնի ծոցում
Սեր վայելենք իմ փափկոցում.
      — Չէ՜, ծըմակում,
      — Չէ՜, իմ բընում,

Մեկը էսպես,
      Մյուսը էնպես
      Ծվծվացին,
      Գվգվացին–
Այնինչ ժամերն անց են կենում,

Բայց վեճը դեռ չի վերջանում.
Հո չի լինիլ ընդմիշտ վիճել,
Պետք է մի կերպ վճռել,
Դու պետք է ինձ լսես, թռլոն
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

— Չէ, ասացիր ինձ սիրում ես,
Դու պետք է իմ կամքը անես,
— Ոչ, մի անխելք թռչուն ես դու,
— Դու ի՞նչ գիտես, խելք չունես դու.
— Վա՜յ, խելք չունեմ, ա՜խ, խաբեբա,

Այդպես չէիր խոսում հապա.
Թռար եկար մութ ծըմակից
Ինձ հանեցիր գետնի տակից–
— Չէ՞ դու եկար ինձ մոտ
Լիրբ անամոթ,

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Բայց չի լինի ընդմիշտ վիճել,
Պետք էր մի կերպ կողմ վճռել―
Եվ, համբերությունը գուցե հատավ,
Մուկը իրեն բունը մտավ.

Խեղճ թռչնակը ապուշ մնաց
Բընի առաջ մենակ կանգնած,
Սկիզբը դեռ կատակ թվաց,
Ապա տխուր գվգվաց.
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Երբ որ տեսավ դուրս չի գալիս
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ախ, դու խաբեբա, անգութ, դաժան,
Կեղծավոր, լիրբ, դավաճան,
Այդ էր երդումդ, այդ՝ քո սերը,

Խաբեբա են ողջ մկները,
Վայ իմ ծաղիկ հասակին,[Ու սկսեց վերև թռչել,
Բախտն անիծել ու հառաչել․
      — Ափսո՜ս, խաբվեցի,

— Ափսոս, կապվեցի,
      — Ա՜խ…
Եվ թռչնակի քնքուշ սրտում
Անբույժ մնաց այն խոր վերքը,
Եվ այսօր էլ լուռ ու տրտում
Իրա անբախտ սիրո երգը
Խոր անտառի թավ տեղերում
Երգում է դեռ ու հառաչում.
      — Ափսոս, խաբվեցի,
      — Ափսոս, կապվեցի,

— Ա՜խ…