«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ստեղծողի մոբիլ դպրոց
2022-2023 ուսումնական տարի
«Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների ուսուցում
Ուսումնական պլան
Ուսուցման 1-ին առաջին տարի

Ուսումնական պլանի բաղադրիչներն են.
• մայրենի խոսքի զարգացում
• երգ-պար
• թվաբանություն
• բնագիտություն
• կերպարվեստ և տեխնոլոգիա
• մարմնակրթություն, լող
• ռուսերեն, անգլերեն
• մեդիատեխնոլոգիաներ
• ուսումնական ներքին և արտաքին տարածքների ամենօրյա խնամք

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր), սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է։
  2. Կրթական ծրագիր ընդունվում է երեխան (այսուհետ՝ սովորող), ում 5 տարին լրանում է մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը, ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով կնքում ուսումնառության մասին պայմանագիր:
  3. Դասարանում սովորողների թիվը 20-25 է։
  4. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով։ Դասավանդողը, սովորողը դպրոցում գործածում են սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք կամ պլանշետ, տանն ունեն համացանց։ Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, էլ.գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն։
  5. Մեդիագրադարանը, մասնաճյուղի կայքը, դասվարի բլոգը, դպրոցի գրադարանը սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով։
  6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի, դասարանի տարեկան ուսումնական օրացույցով։ Դրանցով են որոշվում ուսումնական գործունեությունները, ստուգատեսները, ծեսերը և տոները։
  7. Սովորողի ֆիզիկական-ֆիզիոլոգիական, առողջական, սոցիալական վիճակի տվյալները, դրանց փոփոխությունները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում։
  8. Ուսումնական շաբաթը 5-օրյա է։
  9. Գործունեության բոլոր ձևերը միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը՝ իր օգնականի հետ։
  10. Ուսումնական օրը ներառում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք՝ սահմանված կարգով և ծրագրով։
  11. Ուսումնական գործունեության կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում է հեռավար-ընտանեկան ուսուցման ձևը։
  12. Մայրենի խոսքի զարգացումն իրականացվում է անընդհատ՝ խթանելով սովորողի ինքնարտահայտվելու ցանկությունը։ Թատերական, երաժշտական խաղերը, ներկայացումները, բանաստեղծությունների բերանացի անելը, հեքիաթների ունկնդրումն ու քննարկումները խոսքի զարգացման կազմակերպման ձևեր են։ Գրավոր խոսքի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում է երրորդ շրջանից՝ բանավոր գործունեությանը զուգահեռ՝ անընդհատ բավարարելով սովորողի գրել-կարդալու պահանջն ու անհրաժեշտությունը։
  13. Անգլերենի և ռուսերենի ուսուցումն իրականացնում են ուսումնական առաջին, երկրորդ շրջաններում դասվարը՝ մուլտֆիլմերի, ուսուցողական ֆիլմերի, երգերի ունկնդրմամբ, էլեկտրոնային խաղերով, երրորդ շրջանից՝ նաև անգլերենի, ռուսերենի դասավանդողներ։
  14. Բնագիտական գործունեությունը կազմված է «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից։ Բնագիտության ուսուցում իրականացվում է նաև բնության, բնական երևույթների ամենօրյա դիտարկումների, ուսումնական ագարակում իրականացվող նախագծի, ուսումնական ճամփորդությունների միջոցով։
  15. Թվաբանությունն ամենօրյա գործունեություն է՝ բանավոր հաշվարկի, չափումների, համեմատությունների, համադրումների և հակադրումների ձևով։
  16. Երաժշտական գործունեությունը ներառում է երգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, պարերգեր։
  17. Մարմնակրթությունն իրականացվում է ամենօրյա մարզական գործունեությամբ՝ մարմնամարզություն, եռամարտ՝ լող, հեծանվավարություն, վազք, մարզական և բակային խաղեր։ Լողալ կարողանալը պարտադիր ուսումնական կարողություն է, որ կազմակերպվում է շաբաթական մեկ անգամ փակ լողավազանում, սեպտեմբերին և հունիսին՝ նաև բացօթյա։
  18. Կերպարվեստ և տեխնոլոգիա գործունեությունը ներառում է նկարչությունը, ծեփը, խոհանոցային, բակային աշխատանքի, շրջակա միջավայրի խնամքի և ինքնասպասարկման աշխատանքի, ծեսերի, ներկայացումների, խաղերի, ստուգատեսների ընթացքում ձեռք բերած հմտությունները։
  19. ՏՀՏ-ն հմտությունները ձեռք են բերվում ուսումնական գործունեության ընթացքում։
  20. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության, շախմատի, լողի, մարմնամարզության, թեթև ատլետիկայի ուսումնական գործունեությունն է, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր՝ որպես ուսումնառության պայմանագրի հավելված։
  21. Ամբողջ գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է հիգիենիկ, այդ թվում՝ բացօթյա, միջավայրում։
  22. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են։
  23. Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառում։
  24. Սովորողի ուսուցում-զարգացումը կազմակերպվում է նաև տանը՝ ընտանեկան նախագծերի միջոցով, ծնողների մասնակցությամբ։
  25. Սովորողների ամենօրյա գործունեությունը դասվարը, նրա օգնականը պարբերաբար ներկայացնում են իրենց ուսումնական բլոգներում, անհատական արժեքային համակարգի, հմտությունների, կարողությունների որակական բնութագիրը, ցուցանիշները, ծնողի մասնակցությամբ, գրանցվում են սովորողի աճի և զարգացման դիտարկման թերթիկում։
  26. Սովորողի ուսումնական գործունեության այլ արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ամենամսյա ստուգատեսներում (ամսիկներ), ներկայացումներում, ցուցահանդեսներում։