«Իմացումի հրճվանք» ծրագրի առաջին տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող,  իրականացնում է հինգ տարեկանների ուսուցման և զարգացման ծրագիր, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, այլընտրանքային խաղ-ուսուցում։ 

Ծրագրի նկարագիր  

Հինգ տարեկանների ուսուցման և զարգացման խմբերի գործունեությունը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության oրենսդրության, Նախադպրոցական կրթության պետական չափորոշչով, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, ուսումնական օրացույցով, կրթահամալիրի զարգացման ծրագրով:

Հինգ տարեկանների ուսուցման և զարգացման խմբերը իրականացնում են նախադպրոցականի (այսուհետև՝ սան) խնամք, զարգացում, ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում, միջավայրում, համապատասխան բովանդակությամբ և գործունեություններով՝ ապահովելով սանի զարգացումը՝ նրա անհատական զարգացման առանձնահատկություններին համապատասխան։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: Այն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարոնակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ, անվտանգ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:

Հինգ տարեկանների ուսուցման և զարգացման խմբերը գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում՝

Արևելյան դպրոց- պարտեզ
Արևմտյան դպրոց- պարտեզ
Հյուսիսային դպրոց- պարտեզ
Հարավային դպրոց- պարտեզ
Քոլեջի նախակրթարան

Ուսումնական գործունեության կազմակերպումը

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, նախադպրոցական լաբորատորիայի օրացույցի հիման վրա:

Հինգ տարեկանների ուսուցման և զարգացման գործունեությունը կազմակերպվում է խմբի (դասարանի) ուսումնական օրացույցով, որը դպրոց-պարտեզի օրացույցի հավելվածն է, կրթահամալիրի, նախադպրոցական լաբորատորիայի, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսուցման և զարգացման  բաղկացուցիչն են:

Հինգ տարեկանների ուսուցման և զարգացման  ծրագիրը կազմված է երկու փուլից։

Երկրորդ փուլում ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշչի՝ կրտսեր դպրոցի առաջին դասարանին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը։

Ուսուցումը, խնամքն ու զարգացումը կազմակերպվում են անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնականդասարանական օրացույցներով, որոնցով որոշվում են ուսումնական նախագծերը, ստուգատեսները, ծեսերը, տոները: Դասվարի բլոգըմեդիագրադարանը, «Պարտեզ», «Բզեզ» ուսումնական կայքերն ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով: Դասվարի բլոգը, դպրոց-պարտեզների ենթակայքը, կրթահամալիրի կայքը  հասանելի են դարձնում սանի ուսումնական գործունեության արդյունքները՝ մեդիանյութերը, հաշվետվությունները:

Ուսուցման գործընթացը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև անցում հեռավար, առցանց-ընտանեկան ձևերին։

Մեդիան իր գործիքներով (նոթբուք-նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառումը: Սանի ուսուցում-զարգացումը կազմակերպվում է նաև տանը՝ ընտանեկան նախագծերի միջոցով՝ ծնողների մասնակցությամբ: Ընտանեկան դպրոցները մասնակցում են  ամենամսյա ֆլեշմոբներին, ուսումնական նախագծերին:

ՏՀՏ հմտությունները ձեռք են բերվում ուսուցման և զարգացման ընթացքում: Սաները թե՛ տանը, թե՛ դպրոցում ունեն համակարգիչ (նեթբուք-նոթբուք), ուսումնական գործունեության ընթացքում յուրացնում են Paint նկարչական խմբագրի, MS Word տեքստային խմբագրի հիմնական գործիքները: Կիրառում են թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս: Դասարանական ռադիո և TV նախագծերը սովորողների խոսքի զարգացումն ապահովող, ինքնարտահայտվելու ցանկությունը խթանող ձևերից են:

Ուսումնական գործունեության միջավայրը

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Կրթահամալիրի բոլոր շենքերը լուսավոր ու ընդարձակ ուսումնական տարածքներ են, հարմար՝ խաղալու, վազելու, հեծանիվ և ինքնագլոր վարելու, հանգստանալու, ուսումնասիրելու, հետազոտելու, ստեղծելու-ստեղծագործելու, նկարելու-լուսանկարելու, չափելու, համեմատելու, իրագործելու, փորձելու, իրականացնելու համար։ Բակ-պարտեզները  կանաչապատ են, պտղատու ծառերով,  խնամված խոտածածկ տարածքներով և ամենակարևորը՝ անցանկապատ։

Կրտսեր դպրոց-պարտեզների ազատ ու անվտանգ միջավայրը, միջավայրային փոփոխությունները, բարելավումը, զարգացումը, կրթական ծրագիրը ապահովում են սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, սովորողի ինքնուրույնության, ինքնաբուխ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:

Ուսումնական գործունեության միջավայրեր են՝

Հինգ տարեկանների  ուսուցումը և զարգացումը հաճախ կազմակերպվում են նաև բացօթյա, հիգիենիկ միջավայրում, տաղավարային այլընտրանքային լուծումներով ուսումնական տարածքներում, որոնք ապահովում են անցումները գործունեության մի ձևից մյուսին, փոխակերպվող են, շարժական։   

Խմբասենյակ-լաբորատորիաները աշխատանքային տարածքներ են՝ իրենց բաղկացուցիչ մասերով՝

  •  սեղան-աթոռներ
  • սանհանգույց, լվացարան
  • հանդերձարան
  • մարզական տարածք
  • խոհանոց
  • ընթերցարան
  • խաղանկյուն
  • ջերմոց
  • երաժշտական անկյուն
  • դիտասրահ
  • շախմատի անկյուն
  • տեխնոլոգիայի անկյուն։

Սննդի կազմակերպումը

5 տարեկանների սնունդը պատրաստվում է դպրոց-պարտեզների խոհանոցներում՝ սահմանված կարգով, պատրաստված սնունդը տեղափոխվում է խմբասենյակ՝ խոհանոց-լաբորատորիայում։ Սննդի կազմակերպումը  խմբասենյակի խոհանոցային-լաբորատորիայում՝

  •  նախաճաշ
  •  ճաշ
  • ետճաշիկ։

Կրթահամալիրում ճաշացանկը միասնական է։ Ճաշացանկը կազմվում, գրվում է առողջագետի կողմից և նախապես հրապարակվում դպրոցի ենթակայքում, դասվարի բլոգում։ Առողջագետի կազմած ճաշացանկը հաստատում է աշխատանքային խումբը և  հետևում։

Գնահատումը՝

Ուսումնական տարին կազմված է երկու մեծ փուլից՝ բաղկացած երկուական շրջափուլերից։ Երկրորդ և չորրորդ շրջափուլերը կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

Սովորողների ուսումնական գործունեության արդյունքները ներկայացվում են ամենշաբաթյա կամ ամենամսյա ստուգատեսների՝ Ամսիկների տեսքով, ինչպես նաև ցուցահանդեսներում, ներկայացումներում:

Ամենամսյա «Ամսիկներ» կամ ամենշաբաթյա ստուգատեսների կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով: Ստուգատեսային գործունեության արդյունքները գրանցվում են մշակված դիտարկման թերթիկներում: Ամենամսյա Ամսիկները կազմվում են յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրերին։

Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։

Հինգ տարեկանների ուսուցման և զարգացման ծրագիրը ղեկավարում է դասվարը։ Կրթական ծրագրի ղեկավարը, նրա օգնականը մասնակցում են սեմինարների, վերապատրաստումների: Նրանք ունեն անհատական բլոգներ, որտեղ ամփոփվում են ուսումնական գործունեության արդյունքները։ Խմբերի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է շաբաթական աշխատակարգերի  միջոցով:

Հինգ տարեկանների զարգացման ծրագրի ղեկավարը (դասվարը), ուսուցման երկրորդ փուլից սկսած, առաջնորդվում է 1-3-րդ դասարանների դասվարին ներկայացվող պահանջներով։

Կրթական ծրագրի վերջնարդյունքներդրանց գրանցումը

Հինգ տարեկանների ուսուցման և զարգացման ծրագրի՝ մեկամյա ուսուցման վերջնարդյունքներն են՝

  • Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտներին վերաբերող վերջնարդյունքներ։
  • Խոսքի և հաղորդակցության ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ։
  • Բանավոր ուրախ օտար լեզուների ուսուցման վերջնարդյունքներ։
  • Իմացական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ։
  • Շարժողական ոլորտի զարգացման ու կրթության վերջնարդյունքներ։

Հինգ տարեկանների զարգացման ծրագրի առաջին տարվա ուսուցման բաղադրիչներն են՝

  • մայրենի խոսք
  • թվաբանություն
  • կերպարվեստ և տեխնոլոգիա
  • երգ-պար
  • մարմնակրթություն
  • մեդիատեխնոլոգիաներ
  • ռուսերեն, անգլերեն
  • բնագիտություն
  • ուսումնական ներքին և արտաքին տարածքների ամենօրյա խնամք:

Ուսումնական ռեսուրսներ

Խաղադարան

Փաստաթղթեր

Ուսումնական պլաններ

Ուսումնական պլաններով որոշած կարգեր

Ուսումնառության պայմանագրեր

Ընդունելությունը

Հինգ տարեկանների խմբում ընդունվել ցանկացողների ծնողները ծանոթանում են իրականացվող հեղինակային ծրագրին, կնքում են  սահմանված պայմանագիրը դպրոց-պարտեզի ղեկավարի հետ:  Ճամբարից հետո սովորողի ծնողի (օրինական ներկայացուցիչ) հետ կնքվում է մեկամյա ուսումնառության պայմանագիր։

Հինգ տարեկանների զարգացման մեկամյա ուսուցման ծրագրի արդյունքներով սանը  տեղափոխվում է  «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարի։ Ծրագիրը քառամյա է: Ծրագրված քառամյա ուսումնական գործունեության արդյունքում սովորողը ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով մասնակցում է 4-րդ դասարանի ավարտական ստուգումներին և տեղափոխվում 5-րդ դասարան։ Մինչև այդ ստուգումն անցնելը, ծրագրի ցանկացած փուլում, այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելիս սովորողին տրվում է իր տարիքային խմբի դասարանում սովորողի տեղեկանք: