ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Հովհաննես Թումանյան

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռքով են փայտ կոտրատում։

– Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռքով փայտ կոտրում, մի՞թե կացին չունեք։

– Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդն իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

– Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

– Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Կիտել- մի տեղ հավաքել, դիզել, իրար վրա լցնել

Մարագ- ուտելիք կամ չոր խոտ պահելու տեղ

Դարման- չոր խոտ

Դարսել- իրար վրա շարել, դասավորել

Գյուղամեջ- գյուղի կենտրոն

Տանուտեր- գյուղի ղեկավար, գյուղապետ

Բան չդառավ- ոչինչ  չեղավ, բան դուրս չեկավ

Կրակեցին- կրակ տվեցին, վառեցին

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարո՞ղ ես գրել՝ ինչ է նշանակում.

Աշխաատանք անել_____________________________________________

Իրար ձայն տալ________________________________________________

Բոցը չորդ կողմը բռնել__________________________________________

  • Կացնի տիրոջ անունից պատմի՛ր կացինը գյուղացիներին տալու պատմությունը:

Գնացել էի հեռու երկիր աշխատանք անելու: Տնկա մի գյուղ և ի՜նչ տեսնեմ. ____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  • Այս նախադասությունները դասավորի՛ր դեպքերի հաջորդականությամբ:

Գյուղացիները կացինը վերցրին:

Կացինը գցեցին մարագը, մարագը վառվեց:

Տանուտերը կացինով ոտը կտրեց, որովհետև օգտագործել չգիտեր:

Կացինին ծեծեցին:

Կացինին վառեցին:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Հովհաննես Թումանյան

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով—թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք որսի․․․

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուսուփուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացինք․․․

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ․ երկուսը՝ ցամաք, մնի մեջ էլ իսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը՛, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

— Ես էլ չունեմ։

— Չատի․․․ Մատի․․․

— Մենք էլ չունենք։

— Բա ի՞նչ անենք․․․

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար․ երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց․․․ Նա կրակեց, ես զարկեցի․ որ զարկեցի՝ փռվեց էսպես, ամեն թևը հինգ գազ ու կես․․․

— Հադի, դանա՜կ․․․

Թե՝ դանակ չունեմ։

— Հյուդի, դու․․․

― Ես էլ չունեմ․․․  – Չատի՞, Մատի՞․․․

– Մենք էլ չունենք։

– Բա ի՞նչ անենք․․․

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց․ Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ, մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա։

– Տղերք,- ասինք,- եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը՝ ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Զուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք․ ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։

Սիպտակ- սպիտակ

Մտիկ տալ – նայել

Թվանք- հրացան, զենք

Դուզ- ուղիղ

Շենլիկ- տուն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր սուտլիկ որսկանի մասին:

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  •  Հեքիաթից դո՛ւրս գրիր ամենահետաքրքիր հատվածը:

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  • Սուտլիկ որսկանի անունից բոլորին հրավիրի՛ր բադով փլավ ուտելու:

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

  • Սուտլիկ որսկանի անունից նոր սուտլիկ պատմություն հորինի՛ր: